Մշակում

 Տեխնիկական տեքստը՝ տեխնիկական հաղորդակցության գրավոր տեսակ է, որը կիրառվում է մի շարք տեխնիկական և մասնագիտական ոլորտներում, օր.՝ համակարգչի ապարատային և ծրագրային ապահովման, ճարտարագիտության, քիմիայի, ավիացիայի, մեքենաշինության, կենսատեխնոլոգիաների և այլ բնագավառներում:

 Տեխնիկական տեքստերը հատուկ նշանակության տեքստեր են, որոնք գործում են որոշակի համակարգում: Տվյալ համակարգում առկա բոլոր տեքստերը փոխկապակցված են, և ճիշտ մեկնաբանության ու մշակման համար հարկավոր է տեղյակ լինել այլ տեքստերի գոյության մասին: Ահա թե ինչու տեխնիկական տեքստը չի կարող դիտարկվել եզակի օրինակի վրա, քանի որ մեկ համակարգ բովանդակող տարրերը պետք է լինեն միասնական բնույթի, այսինքն` տեքստերը, անկախ իրենց կապակցվածությունից (մեկը մյուսից բխող կամ կարգավիճակով հավասար),
պետք է լինեն մեկը մյուսին հետևելի, որ չխախտվի տրամաբանական շղթան։ Տեխնիկական
փաստաթղթերը հետևյալն են.

  • բաղադրիչների (նյութերի) տեխնիկական տվյալների ցանկ,
  • փորձարկման մեթոդներ,
  • ստանդարտներ,
  • որակի կառավարման համակարգի պահանջներ,
  • օրենքներ, կանոնակարգեր,
  • առաջարկներ,
  • զեկույցներ,
  • հրահանգներ և այլն։

  Վերոնշյալ ցանկում կարելի է նկատել, որ տեքստերի կամ փաստաթղթերի մի մասը`օրենքներում, կանոնակարգերում կամ հրահանգներում ամրագրված տեղեկատվություն պարունակող տեքստերը, պարտադիր բնույթի են, մյուս մասը` փորձարկման մեթոդները, ստանդարտները, որակի կառավարման համակարգի պահանջները, կարող են վկայակոչվել օրենքներում կամ տեխնիկական կանոնակարգերում, իսկ մնացածը պետք է մշակվեն օրենքների, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների համաձայն: Դա նմանվում է շղթայի, որի մեկնարկային կետը իրավական ակտերն են (օրենք, տեխնիկական կանոնակարգ), իսկ շղթայի մնացած տարրերը պետք է համապատասխանեն մեկը մյուսին: Նման տեքստերը ճիշտ մշակելու համար հարկավոր է ապահովել հետևելիություն այս շղթայում:


Թարգմանություն

  Թարգմանիչը իրականացնում է սկզբնաղբյուր տեքստի իմաստի փոխանցում թիրախ լեզվով ՝ թիրախ լեզվի լեզվաբանական համակարգի կանոններին և նախագծի հանձնարարման ընթացքում ստացված ցուցումներին համապատասխան տեքստ ստանալու նպատակով: Թարգմանության ընթացքում կարևորվում է տերմինաբանությունը՝ տվյալ բնագավառի տերմինաբանության հետ համապատասխանեցումը և տերմինների միասնական կիրառումը, ինչպես նաև քերականության, շարահյուսության, ուղղագրության, կետադրության ճշգրիտ կիրառումը, սեփական կամ պատվիրատուի ոճային ուղեցույցին համապատասխանության ապահովումը, տեղային առանձնահատկությունների պահպանումը թիրախ լեզվում, թիրախ խմբին և նպատակին համապատասխանեցումը:

 

 

 

Բժշկական տեքստերի թարգմանություն

 

 Բժշկական տեքստերի համարժեք թարքմանության համար թարգմանչին հարկ է տիրապետել բժշկության բնագավառի լայնածավալ գիտելիքների և կարողանալ կողմնորոշվել ժամանակակից բժշկության տերմինաբանության հոծ բազմության մեջ: Բժշկական տեքտսերի թարգմանության առանձնահատկությունը այն է, որ յուրաքանչյուր լեզվում գոյություն ունեն մի քանի հարյուր հազար բժշկական տերմիններ, որոնք ամեն տարի համալրվում են հարյուրավոր նոր անվանումներով: Հատկապես մեծ է ախտորոշման և բուժման նոր մեթոդների անունների աճը: Ակտիվորեն զարգանում է բժշկության այնպիսի նեղ և արագ զարգացող ուղղությունների բառապաշարը, ինչպիսիք են ուլտրաձայնային և ճառագայթային ախտորոշումը, իմունաբանությունն ու ուռուցքաբանությունը: Առանձնահատուկ բարդություն է ստեղծում բժշկական թարգմանությունների համար հոմանիշների խնդիրը: Երբեմն միևնույն հասկացությունը կարող է արտահայտվել մի քանի տարբեր բառերով: Բժշկական թարգմանչին անհրաժեշտ է կարողանալ կողմնորոշվել տերմինաբանության հոմանիշային շարքում, քանի որ բժիշկների շրջանակում գործածական են ավելի նեղ մասնագիտական տերմինները, իսկ հիվանդների հետ շփվելիս հիմնականում կիրառվում է ավելի պարզ և հասկանալի բառապաշար, իսկ ախտորոշման արդյունքներ գրելիս մեծամասամբ օգտագործվում են լատինական ծագման հապավումներ:

 Չի կարելի ուշադրությունից դուրս թողնել նաև բազմաթիվ մասնագիտական քարացած արտահայտությունները`կլիշեները, որոնք թարգմանիչը պետք է կարողանա ճանաչի և թարգմանի նույնպիսի կայուն արտահայտություններով, առանց որոնց մասնագիտական մակարդակի հաղորդակցումը կդժվարանա: Այսպիսով, բժշկական թարգմանությունների դժվարությունը կայանում է բժշկության բառապաշարի հսկայածավալության և դրա արագընթաց աճի, հոմանիշների առատության և բժշկական լեզվի մասնագիտական առանձնահատկության մեջ:

Իրավական տեքստերի թարգմանություն

 

  Իրավական տեքստերի թարգմանության առանձնահատկությունը կայանում է տվյալ երկրում գործող իրավական համակարգի հետ համապատասխանեցնելու և ներդաշակեցնելու մեջ: Իրավական ձևակերպումները և հատուկ տերմինաբանությունը արտացոլում են նաև տվյալ երկրի իրավական համակարգի առանձնահատկությունները: Այնուամենայնիվ, քանի որ թարգմանվող փաստաթուղթը նախատեսվում է օտարերկրյա ընթերցողի համար, հետևաբար իրավական ձևակերպումները և դրանց թարգմանությունը պետք է իրականացվի առավելագույն ճշգրտությամբ և քանի որ հաճախ համարժեք բառը պարզապես առկա չէ թարգմանվող լեզվում, թարգմանչի համար կարող են ստեղծել հավելյալ բարդություններ: Թարգմանության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ իրավական տեքստերի թարգմանությունը մեծապես կախված է նաև մշակութային և մտածողության առանձնահատկություններից, հետևաբար բառացի թարգմանությունը կարող է հանդիսանալ սկզբնաղբյուր տեքստում բովանդակող իմաստային կորստի պատճառ: Այս ամենից հետևում է, որ թարգմանիչը պետք է հավասարապես տիրապետի թե իր երկրի, թե թարգմանվող լեզվւն կրող հանրության իրավական դաշտի առանձնահատկություններին:

 Ելնելով թարգմանվող տեքստերի տեսակների առանձնահատկություններից` իրավական տեքստերի թարգմանությունը կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

1 անձնական փաստաթղթերի թարգմանություն,

2 գործավարական փաստաթղթերի թարգմանություն,

3 իրավական փաստաթղթերի թարգմանություն

4 նորմատիվ իրավական ակտերի թարգմանություն և այլն:

 

Տնտեսագիտական տեքստերի թարգմանություն

 

  Արտերկրյա գործընկերների հետ արդյունավետ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է վարել գրագետ ֆինանսական թղթաբանություն, ահա թե ինչու տնտեսագիտական փաստաթղթերի գրագետ թարգմանությունը կազմում է բարեհաջող արտաքին տնտեսական գործունեության անբաժանելի մասը: Կատարված թարգմանության որակը արտացոլում է տվյալ ընկերության և իր աշխատակիցների մասնագիտական և հուսալիության մակարդակը: Տնտեսագիտական բնույթի տեքստեր են՝

  • հաշվապահական փաստաթղթերը,
  • աուդիտորական և բանկային հաշվետվությունները,
  • մարքետինգային ուսումնասիրությունները,
  • գիտական հոդվածները,
  • բիզնես-նախագծերը,
  • աշխատանքային հաշվետվությունները և այլն:

  Հարկ է նշել, որ տնտեսագիտական փաստաթղթերի մեծ մասը՝ խիստ հաշվետվողական փաստաթղթաբանություն են պահանջում և տեղեկության առանձնահատկությունը, որը նման փաստաթղթերում առկա է, լրացուցիչ պատասխանատվություն է թարգմանչի համար: Չէ որ թարգմանության նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Տնտեսագիտական տեքստերի թարգմանության առանձնահատկությունն այն է, որ թարգմանիչը պետք է ուշադիր լինի յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, ինչպես նաև տիրապետի մասնագիտական տերմինաբանությանը, քանի որ, օրինակ՝ նույն տերմինի տնտեսագիտական և տեխնիկական տեսանկյունից մեկնաբանությունը կարող է միանգամայն տարբեր լինել:

  Տնտեսագիտական տեքստերը գրագետ թարգմանելու համար թարգմանիչը պետք է ունենա տեսական գիտելիքներ տնտեսագիտությունից, ծանոթ լինի պաշտոնական ֆինանսական փաստաթղթերի գրավոր շարադրման և վարման կարգին, ինչպես նաև իմանա տարբեր երկրների ֆինանսական հաշվետվություններ վարելու հիմնական պահանջները և ստանդարտները:

  Մենք իրականացնում ենք թիրախ լեզվի և մշակույթի պայմանականություններին համարժեք բովանդակությունը փոխանցող թարգմանություն:

Խմբագրում

 Խմբագրումը ենթադրում է բառաշերտի և տվյալ ոլորտի պայմանականությունների ապահովում թարգմանված տեքստում: Խմբագիրը իրականացնում է միալեզու խմբագրում՝ սահմանված նպատակին թարգմանության համապատասխանությունը գնահատելու և շտկման միջոցառումներ առաջարկելու համար: Խմբագիրը հանդիսանում է թիրախ լեզվի՝ տվյալ բնագավառի մասնագետ:

Հարմարեցում

  Տեքստի հարմարեցումը նպատակաուղղված է տեքստի հասցեատիրոջը ավելի հասկանալի դարձնելու նպատակով, այսինքն հարմարեցումը ենթադրում է այնպիսի տեքստի ստեղծում, որը ընթերցողը կընկալի ամբողջապես՝ առանց այլ աղբյուրներից օգտվելու: Սոցիալ-մշակութային, հոգեբանական և այլ հասարակական տարբերությունները սկզբնաղբյուր և թիրախ լեզուները կրողների միջև թարգմանության ընթացքում հնարավորինս հարթեցվում են, համապատասխանեցվում՝ տեղեկատվության կորուստը բացառելու նպատակով:

Արդիականացում

  Երբեմն թարգմանված տեքստը, կամ առհասարակ տեքստը կարող է գրված լինել այլ ժամանակային տիրույթում և չհամապատասխանել տվյալ ժամանակում գործող թե լեզվական, թե իրույթային պայմանականություններին: Օրինակ տեխնիկական տեքստի հետ աշխատելիս պետք է իմանալ տվյալ տեքստի ստեղծման ժամանակը, քանզի գիտական և տեխնիկական բնագավառներում զարգացումը բավականաչափ արագ է ընթանում, և երբեմն միևնուն տերմինը երկու տարբեր ժամանակահատվածներում կարող է ունենալ երկու տարբեր իմաստներ, և հակառակը, միևնույն հասկացությունը կարող է տարբեր տերմիններով արտահայտվել տարբեր ժամանակահատվածներում: Ահա թե ինչու երբեմն տվյալ ժամանակահատվածում սկզբնաղբյուր տեքստին համարժեք տեքստ ստանալու համար հարկ է լինում արդիականացնել թարգմանությունը: Նման գործառույթը ենթադրում է տեքստի զգալի փոփոխություն: Փոփոխությունները վերաբերում են ոճական էլեմենտների, հին տերմինների, անվանումների, կոչումների, լեզվաոճական առանձնահատկությունների և այլնի փոխարինմանը նորերով:

Տեղայնացում

  Տեղայնացումը հաճախ դիտարկվում է որպես «բարձրակարգ թարգմանություն», սակայն դա չի արտացոլում այդ գործընթացի ամբողջ էությունն ու դժվարությունը, ինչես նաև պատկերացում չի տալիս ողջ ընթացքի մասին: Սակայն, երբեմն դժվար է լինում տարբերակել թարգմանությունը և տեղայնացումը: Չնայած կարելի է ասել, որ տեքստի տեղայնացումը իրականացվում է ապրանքների կամ ծառայությունների մաս կազմող արտատեքստային կոմպոնենտների հարմարեցման համար: Որպես թարգմանության բաղադրիչ մաս (այսինքն՝ քերականության և ուղղագրության հարցերը, որոնք փոփոխվում են կապված երկրից կամ վայրից, որտեղ խոսում են նույն լեզվով) տեղայնացման գործընթացը ներառում է գրաֆիկական բաղադրիչների հարմարեցումը, արժույթի նշանների, ամսաթվերի, հասցեների և հեռախոսահամարների ներկայացման ձևաչափը, և այլ մանրուքների գույնի ընտրությունը՝ ներառյալ ապրանքի ֆիզիկական կառուցվածքը: Այս բոլոր փոփոխությունները իրականացվում են առաջին հերթին՝ տվյալ տարածքի մշակույթի և հասարակության հետ զգալի տարբերությունների բացահայտման և հնարավոր խնդիրներից խուսափելու համար, երկրորդ հերթին՝ տվյալ տարածքի շուկայական դաշտ ներթափանցելու և տեղի պահանջարկին հարմարեցնելու համար: Օրինակ, տեղայնացման արդյունքում նույն կազմակերպության կայքը կարող է հարմարացվել տվյալ երկրին, կամ նույն գրքի հրատարակությունները կարող են տարբերվել՝ կախված հրատակման վայրից:

Տերմինաբանական տվյալների բազայի հիմնում և համալրում

  Թարգմանչի կողմից իրականացվող տերմինաբանական աշխատանքները ոչ միայն տերմինների ավտոմատ կերպով իրականացվող թարգմանությունն է, այլ նաև տերմինաբանական տվյալների բազայի համալրումն ու թարմացումն է, որը կաջակցի թարգմանիչների հետագա աշխատանքին, ինչպես նաև կնպաստի տերմինների համակարգի միասնականությանը և հետևելիութանը:

 


"System to system"-ի և "Yell.am"-ի համատեղ պրոեկտ: